Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր օրհնության պատգամը հղելով՝ հայտարարեց, թե նման ծեսով՝ պարզ, բայց խորիմաստ բառերով էլ բնութագրվում է հայ եկեղեցու կյանքը՝ սուրբ հոգու զորությամբ: «Այսպես եղան սրբերը եկեղեցու կյանքի մեջ, Քրիստոսի ավետարանին քաջարի քարոզները կենդանի վկաներ դարձան, դարձան սրբեր, աստվածային ճշմարտության ցոլքերը՝ մարդկային չարքի, մեղքի ու կեղծիքի դիմաց։ Սրբերը դարձան լույսի ցոլքեր՝ աշխարհի խավարի դիմաց՝ իրենց սրբակենցաղ կյանքով»,-հայտարարեց վեհափառը: Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հենց նրանք երկրի վրա ցույց տվեցին մեզ դեպի բացարձակ ճշմարիտ ճանապարհ։ «Այդպես եղան Հայաստանյայց սուրբ եկեղեցու առաջին լուսավորիչներ Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից մինչև Գրիգոր Լուսավորիչ, մինչև Նարեկացի ու Շնորհալի։ Հայ եկեղեցու սրբերը մեր ժողովրդի կյանքի մեջ, մեր ժողովրդի կողմից սուրբ նկատվեցին և ապա միայն մեր եկեղեցու իշխանության կողմից սրբացան։ Մեր ժողովուրդն ինքը սրբացրեց իր սրբերին»,-ասաց նա և նշեց, որ այսպես եղան նաև 1,5 մլն նահատակները, որոնց չմոռացան անցնող 100 տարիների ընթացքում։ «Սրբերը նահատակ դարձած մեզ հետ ապրեցին, և մեր կյանքին տվին հստակընթաց նպատակ՝ սրբերն իրենց հավատքով մեր հավատքը կոփեցին, իրենց հույսով՝ մեր կյանքը շաղախեցին, և այսօր արդեն իսկ ժողովրդի մեջ նահատակ ու սուրբ դարձան։ Նրանք կսրբանան ու իրենց սրբացող ներկայությամբ մեր եկեղեցին կպայծառացնեն»,- ասաց նա և հայտարարեց, թե պետք է ուրախանալ, որ մեր 1,5 մլն նահատակներն անցնող 100 տարիներին հավիտենական ներկայություն դարձան իրենց հավատքով և արդարության խնդրում իրենց պայքարով։ «100 տարի շարունակ մենք մեր նահատակներին հիշեցինք, ու աշխարհին հիշեցրինք մեր նահատակների մասին»,-ասաց նա և նշեց, որ հենց այս սրբերը պետք է մնան ժողովրդի կյանքի մեջ որպես անլռելի զանգակատուն։ «Մեր նահատակները մեր ժողովրդի կյանքի մեջ պետք է դառնան սրբազան դարբնոց` պայքարի մեր ոգին հարստացնող, ամրապնդող: Հարյուր տարիներ մենք հիշեցինք ձեզ, ով սրբացած նահատակներ հայոց, և պիտի շարունակենք հիշել ու հիշեցնել և, մանավանդ, աշխարհից պիտի պահանջենք, հավատարիմ ձեր սրբազան կտակին, արդարություն, մեր ժողովրդի բռնաբարված իրավունքների վերականգնում»,-հայտարարեց Արամ Առաջին կաթողիկոսը: Նա ասաց, թե վայ այն ազգին, որի նահատակները կմոռացվեն. «Ով նահատակներ հայոց, պահեցեք ու պահպանեցեք մեր հայրենիքը, պայծառակերպեցեք մեր ժողովրդի կյանքը: Եվ ցույց տվեք մեզ դեպի հավերժություն ու իրավունքների արդար հատուցում առաջնորդող ճանապարհը»։